Գլխավոր Նորություններ Ապրիլյան քառօրյայի գլխավոր դասը. անսակարկելի հենակետը

Ապրիլյան քառօրյայի գլխավոր դասը. անսակարկելի հենակետը

88

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի որոշակի սրացումն, անշուշտ, ունի բազմաթիվ շերտեր, և այստեղ իրադրությունն ունի բազմակողմանի գնահատման կարիք: Այս տեսանկյունից, ինչպես նշել ենք վարչապետի ելույթից հետո մի քանի հրապարակումներում, հիմնարար նշանակություն և տողատակ է ստանում ապրիլյան պատերազմի մասին հիշատակումն ու խորհրդարանում այդ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը:

Հարցն այն է, որ այդ պատերազմը հասունանում էր Հայաստանի քաղաքական դիմադրունակության անկման ակնհայտ գործընթացին զուգահեռ, որի վառ արտահայտություններից մեկն այն էր, որ Հայաստանում բացակայում էր քաղաքական հակակշիռների մեխանիզմը և ներքաղաքական կյանքը ծավալվում էր ոչ թե փոխադարձ զսպման, այլ հակառակը՝ մեկ նպատակի համար միմյանց գերազանցելու տրամաբանության շրջանակում:

Դա, իհարկե, ոչ միայն վատ չէր լինի, այլ կլիներ գրեթե իդեալական, եթե այդ մեկ նպատակը լիներ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Սակայն բանն այն է, որ այդ մեկ նպատակը, որ առկա էր ներքաղաքական մրցակցությունում, ուներ լրիվ հակառակ բնույթ: Դա մրցակցություն էր միմյանց գերազանցելու, սուր մրցակցություն էր հանուն Հայաստանում Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության լոյալությունն ու լեգալությունը, լեգիտիմությունը երաշխավորելու: Իսկ Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությունն ուղղված էր ոչ թե Հայաստանի անվտանգությանը և կայունությանը երաշխավորելուն կամ դրան նպաստելուն՝ բնականաբար ներառյալ Արցախը, ինչը բնորոշ և հարիր կլիներ դաշնակցին, այլ դարձյալ ուղղված էր հակառակին՝ Հայաստանի հաշվին Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ և հարցեր լուծելուն:

Դա արտահայտվում էր բացահայտ քայլերով, ինչը ուղղակի չէր կարող աննկատ կամ անընկալելի լինել հայաստանյան քաղաքական ուժերի համար, մասնավորապես քաղաքական պալիտրայի հիմնական գույների համար: Եվ այդ ամենով հանդերձ, մի քանի տարի շարունակ Հայաստանի քաղաքական պալիտրայի հիմնական գույները, փաստորեն, մրցակցում էին Ռուսաստանին հավատարմություն հայտնելու հարցում, հավաստիացնում էին, որ հենց իրենք կարող են լավագույնս ապահովել Ռուսաստանի տվյալ քաղաքականության հայկական անհողմ երկինքը:

Օրվա կամ պահի ընդդիմությունը, կամ ավելի շուտ ոչ իշխանությունը, ոչ թե ապահովում էր իշխանության քաղաքականության հակակշռող մոտեցումներ՝ այդպիսով օժտելով Հայաստանը դիմադրունակությամբ, այլ իր դիրքավորումներով իշխանությանը մղում էր Ռուսաստանին ավելի ու ավելի հավատարմության և հպատակության դաշտ՝ իշխանությունը չկորցնելու համար, թեև հավաստիացնում էին, որ դա անում են անվտանգության նկատառումով:

Այդպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի երկու՝ իշխանական և ոչ իշխանական բևեռները ստեղծեցին ռուսական ռեգիոնալ քաղաքականության ամենալոյալ հենքը Հայաստանում, որ կարելի էր պատկերացնել: Դրա հետևանքով Հայաստանը ստացավ ավելի ու ավելի հանդուգն հակառակորդ, որը մինչև ատամները զինվում էր դաշնակցի ձեռքով, և դրա ողբերգական գագաթնակետը դարձավ ապրիլյան պատերազմը: Այդ պատերազմը Հայաստանում դիտարկվել է ամենատարբեր ասպեկտներով, նաև կոռուպցիայի այն աղաղակող հանգամանքներով, որոնք մերկացվեցին պատերազմի ընթացքում և դրանից հետո: Սակայն բաց է մնացել այդ իրադարձությունների հասունացման ներքաղաքական ասպեկտը, քաղաքական համակարգի, հակակշիռների մեխանիզմների և գլխավորը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքաղաքական անբեկանելի նշաձողի բացակայության ասպեկտը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքը պետք է Հայաստանի համար դաս լինի առաջիններից մեկը նաև այդ առումով: Այն պետք է դաս լինի Հայաստանի բոլոր քաղաքական միավորների համար, որոնք գործում են հայկական պետականության անվտանգության և տարածքային ամբողջականության սկզբունքին ու տրամաբանությանը հավատարիմ: Հայկական պետականությունը տվյալ պարագայում աներկբայորեն ներառում է Արցախը, որքան էլ տակտիկական նկատառումներով հայկական կողմը ներկայանում է երկսուբյեկտ մեթոդաբանությամբ:

Ապրիլյան քաղաքական այդ դասը հատկապես առանցքային պետք է լինի Հայաստանի նոր քաղաքական համակարգի ճարտարապետության մեկնակետի համատեքստում: Այդ ճարտարապետության և կառուցվածքի հիմքում պետք է լինի ինքնիշխանության աներկբա և անսակարկելի հավատամքը:

Սակայն այդ հանգամանքն էլ իր հերթին չի կարող լինել լոկ հռչակագրային մի հասկացություն, որովհետև այդ մակարդակում, իհարկե, որևէ ուժ երբևէ չի ներկայացել այլ չափանիշով, քան ինքնիշխանությունը: Ըստ այդմ՝ կա խնդիր սահմանելու այդ հասկացության ոչ հռչակագրային եզրերը, սահմանելով քաղաքական և հանրային կողմնորոշիչներ, թե ո՞ր դեպքում ենք պրակտիկորեն գործ ունենում Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքների հետ:

Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ելույթը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի առանցքային հղումով, գործնականում Հայաստանի նոր քաղաքական համակարգի «ճարտարապետական ուղեցույց» է, որը համարժեք քաղաքական միավորներից, պետական ու հանրային անվտանգության և շահի տիրույթում դիրքավորվող ուժերից պահանջում է ոչ թե հերքող, այլ հարստացնող արձագանք: