Ես օրենքին եմ կողմնակից ու Սահմանադրությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցել շտապող ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը՝ պատասխանելով արդյոք դատավորը կո՞ղմ է վեթինգին։
«Ինչ արվում է, պետք է անել միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան», – ընդգծեց դատավորը։
Հարցին՝ վախենալու ոչինչ չունի՞, Պետրոսյանը պատասխանեց. «Գիտե՞ք, ես չեմ ուզում նման հարցերի պատասխանել»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց՝ տեղյակ չէ՝ ի՞նչ օրակարգով է այսօր դատավորների միությունն արտահերթ նիստ հրավիրել ու հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։
Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի ստեղծված իրավիճակի և առաջարկվող վեթինգի մասին, Վարդազարյանը պատասխանեց կարճ.
«Կապրենք, կտեսնենք»։
Վարդազարյանը նաև ասաց, որ ինքը պատրաստ է վեթինգի շրջանակներում ներկայացնել իր ունեցածը և նույնիսկ՝ չունեցածը։
Մի քանի դատավորներ էլ ուղղակի չէին պատասխանում լրագրողների հարցերին։