Գլխավոր Նորություններ Սաշիկ Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից

Սաշիկ Սարգսյանը կրկին մեկնել է Հայաստանից

92

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիեննայի օդանավակայանում տեսել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ «Եթե տեսողությունս չդավաճանեց, հենց նոր Վիեննայի օդանավակայանում իջավ հարգելի, սիրելի, մեծապատիվ, անկրկնելի և աննման Ալեքսանդր Մեծն Սարգսյանը: Բեզարած էր վիճակը: Իմացեք ազգի մեծերին, բարեկամներս»,- գրել էր Բարսեղյանը։

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը։ Նա ասաց, որ ինքը Սաշիկ Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկություն չունի։ «Ես այս պահին նման տեղեկություն չունեմ, բայց նախորդ անգամ Հայաստան վերադառնալուց պարոն Սարգսյանը բուժման կուրսը կիսատ էր թողել»,- ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը՝ նոր գրությամբ դիմե՞լ են ԱԱԾ, որպեսզի Սարգսյանը կարողանա բացակայել երկրից, Պողոսյանը պատասխանեց. «Նախորդ անգամ գրության մեջ մենք նշել էինք, որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ նա պետք է բացակայի երկրից»։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Սաշիկ Սարգսյանը նախաքննական մարմնի թույլտվությամբ բացակայել էր երկրից։ ԱԱԾ-ն թույլատրել էր նրան որոշակի ժամանակով հեռանալ Հայաստանից: Իսկ արդեն ապրիլի 29-ին նախաքննական մարմնի պահանջով քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան էր վերադարձել։

Սաշիկ Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյաննը այդ ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր, որ Սարգսյանը Հայաստանից բացակայել էր «բավական լուրջ» առողջական խնդիրների պատճառով, բուժման կուրս էր անցնում արտերկրում և վերադարձել է քննչական գործողություններին մասնակցելու համար։ Փաստաբանը, սակայն, քննչական գործողությունների բնույթի մասին որևէ տեղեկություն չէր հաղորդել՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը։ Բայց վերջերս Սաշիկ Սարգսյանը դատարանում էր և մասնակցում էր ոմն Հայկ Սարգսյանի գործով նիստին։

Դեռևս ապրիլի 30-ին Միհրան Պողոսյանից հետաքրքրվել էինք՝ քննչական գործողությունների ավարտից հետո Սարգսյանը կրկին մեկնելո՞ւ է արտերկիր, Պողոսյանը պատասխանել էր. «Հստակ չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված է բժշկական ցուցումներից։ Այս պահին հայտնի չէ՝ կրկին կմեկնի, թե ոչ։ Ամեն դեպքում հստակ է, որ բուժման կուրսը կիսատ է մնացել, իսկ առողջական խնդիրները բավական լուրջ են, բայց հաշվի առնելով իմ պաշտպանյալի բժշկական գաղտնիքով պաշտպանված լինելը՝ մենք չենք բարձրաձայնում առողջական խնդիրների բնույթի մասին»։

Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Դրանից հետո ԱԱԾ-ն տարածած հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Մարտիրոս Սարյանի գծանկարները պատկանում են մեծ վարպետի ժառանգին։ Սարյանի որդու մահից հետո պետական ֆոնդ չփոխանցված գործերը 2013-ին բաշխվել են որդու ժառանգների՝ կնոջ և չորս երեխաների միջև։ Հիշյալ 14 գծանկարները, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր Սերժ Սարգսյանի եղբոր տանը, իբրև ժառանգություն փոխանցել են Սարյանի թոռանը՝ Ռուբեն Սարյանին։ Ապա նրա որդին՝ Ղազարոս Սարյանը, ով Մարտիրոս Սարյանի ծոռն է, այդ գծանկարները փոխանցել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն: