Գլխավոր Նորություններ Դժվար է պատկերացնել՝ ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե կազմավորվեր Հայաստանի Առաջին...

Դժվար է պատկերացնել՝ ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե կազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

77

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։ 

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, եթե մեր պապերը հերոսաբար չկանգնեին թշամու դեմ ու չկերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառավոր հաղթանակները:

Այդ հաղթանակներն անհավանական ու անհավատալի էին շատերի համար, շատերի, բայց ոչ մեզ համար: Դեռ նոր ցեղասպանություն տեսած, հող ու հայրենիք կորցրած հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք է շտկեր կորացած մեջքը և շարունակեր իր բազմադարյա ուղին, շարունակեր արժանապատվորեն և հային վայել կեցվածքով:

Այդպես եղավ նաև Արցախյան ազատամարտի տարիներին, երբ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը, ազատագրեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, պաշտպանեց ու շենացրեց նախնիների հողը:

Այսօր բոլորիս պարտքն է միահամուռ ուժերով անել ամեն ինչ հայոց անկախ պետականությունը շարունակաբար զորացնելու, մայր Հայրենիքը զարգացնելու, մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ:     

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»: