Գլխավոր Նորություններ Միասնականությամբ պիտի կարողանանք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները....

Միասնականությամբ պիտի կարողանանք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները. Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

100

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանարպետության տոնի առթիվ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:

Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց:

Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները», – ասված է Կաթողիկոսի ուղերձում։