Գլխավոր Նորություններ Դատավորների աննախադեպ հայտարարությունը. վեթինգի պատմական մեկնարկը

Դատավորների աննախադեպ հայտարարությունը. վեթինգի պատմական մեկնարկը

105

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում երեկ հինգ ժամ շարունակ տեղի է ունեցել ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:

Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

Դատավորների ընդհանուր ժողովը քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` Դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված:

Հաստատապես նախկինում ևս նման ժողովներ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն գրավել հասարակության հետաքրքրությունը՝ իրենց կանխատեսելի ընթացքի, միօրինակության հետևանքով։

Երեկվա ժողովն ինտրիգային էր, ու թեև այն նախապես հրավիրվել էր, ըստ ամենայնի, հակազդելու համար Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթին ու դատարանների մուտքերի շրջափակման նախաձեռնությանը, սակայն վստահաբար հեղափոխական ընթացք ունեցավ, համենայնդեպս՝ երկար քննարկումների արդյունքում ծնված հայտարարության տեքստը նույնիսկ այդպիսին կարելի է համարել Հայաստանի դատական համակարգի համար։

Իհարկե, դատավորները դատապարտում են իրենց գործունեության խոչընդոտումը, ու դա բնական է և ամենևին էլ օրիգինալ կարծիք չէ, եթե հաշվի առնենք, որ «քայլողներից» բացի՝ նման դիրքորոշումներ արտահայտել են գրեթե բոլորը՝ երկրի ներսում ու դրանից դուրս։ «…Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից»,- ասված է հայտարարության տեքստում։

Սակայն կոնցեպտուալ հարցերում դատավորները հայտնել են դիրքորոշումներ, որոնք եթե անգամ ամբողջովին համահունչ չեն հեղափոխական օրակարգին, համենայնդեպս չեն հակադրվում դրան. «…Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ»։

Դատավորները փաստացի անխուսափելի են համարում վեթինգի իրականացումը՝ իհարկե, մի փոքր լղոզելով դրա էությունը։ Հայտարարության տեքստում «Դատավորների գույքային դրության վերաբերյալ» արտահայտությունն ասվածի ապացույցն է, որտեղ դատավորներն ըստ էության մի կողմից՝ ընդունում են վեթինգի իրականացման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ սահմանափակում են դրա բովանդակային նշանակությունը։ Այսուհանդերձ՝ ակնհայտ է, որ դատավորները գոնե առերևույթ չեն դիմադրի խորհրդարանի կողմից ընդունվելիք օրենսդրական փաթեթին, համենայնդեպս՝ երեկվա ժողովը բացահայտեց, որ դատական համակարգն ամենևին էլ միաշերտ չէ, ու այնքան էլ իրական չէ այն վարկածը, որ նոր իրավիճակում տրվելու է մի կենտրոնից եկած ցուցումներին։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունը պետք է ձերբազատվի պոպուլիստական մոտեցումներից, բարիկադային բարդույթներից ու դատական ռեֆորմն իրականացնի հանրային ու քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում։

Ի դեպ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որտեղ նույնպես արտահայտված է այդ գաղափարը։ «…Ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը, միայն եթե այդ չափանիշները հարգված են: Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի Սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»,- ասված է նամակում։

Ավելորդ չէ նշել, որ թե՛ Հայաստանի քաղաքական ուժերը և թե՛ մեր երկրի արտաքին գործընկերները հույժ կարևոր են համարում դատական ռեֆորմի իրականացումը, միևնույն ժամանակ խիստ կարևորում են, որ այն տեղի ունենա լեգալ գործիքներով՝ հանրային կոնսենսուսի պայմաններում։

Սակայն վերադառնանք դատավորների ընդհանուր ժողովին, որի ընդունած հայտարարության տեքստում շատ ավելի սկզբունքային ու կարևոր պարբերություն կա։ «Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,- արձանագրել են դատավորները։

Դժվար է ասել՝ հայտարարության տեքստում կլինե՞ր նման դրույթ, եթե հրաժարական տված չլիներ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, թե՞ դատավորները կսահմանափակվեին ընդհանուր բնույթի ձևակերպումներով։ Սակայն փաստ է, որ դատավորների երեկվա ժողովն անվստահություն է հայտնել ԲԴԽ-ին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԲԴԽ անդամների կեսին նշանակում է խորհրդարանը, մյուս կեսին՝ հենց դատավորների ընդհանուր ժողովը, ապա միանգամայն իրական է գործող ԲԴԽ անդամների հետկանչը ու նոր՝ վստահություն ունեցող կազմի ընտրությունը։ Դա, թերևս, կլինի վեթինգի պաշտոնական մեկնարկը։