Գլխավոր Նորություններ Ոստիկանապետը կաշկանդվա՞ծ է ՀՀ վարչապետի հայտարարություններով.pastinfo.am

Ոստիկանապետը կաշկանդվա՞ծ է ՀՀ վարչապետի հայտարարություններով.pastinfo.am

99

«Ես չեմ կարող, ոչ էլ իրավունք կվերապահեմ ինձ՝ վարչապետի գործողությունները այստեղ մեկնաբանել»՝ այսպես է պատասխանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողի հարցապնդմանը, թե դատարանների մուտքերն արգելափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը արդյո՞ք չի նշանակում, որ պետական իշխանության մի օղակը, այս դեպքում՝ գործադիրը՝ հանձինս վարչապետի, ճնշում է գործադրել դատական իշխանության նկատմամբ:

Այսպիսով՝ Հայաստանի ոստիկանապետը հայտարարում է, որ չի կարող մեկնաբանել վարչապետի գործողությունները, եթե անգամ դրանք իրենց մեջ հանցագործության տարրեր են պարունակում, ինչ երաշխիք, որ ոստիկանապետը կարող է իրավական գնահատական տալ վարչապետի ոչ իրավաչափ գործողություններին։

Իրեն բնորոշ բռնկուն վարքագծով Փաշինյանն այսօր ոչ միայն իր գործողություններն է դնում օրենքից դուրս, այլ նաեւ իր ենթակաների, որոնք այսօր չգիտեն ինչով առաջնորդվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիաներով, թե կատարեն վարչապետի հրահանգը, պահանջը, հեռախոսազանգը, հանձնարարությունը և այլն: ՈՒրեմն, ինչի՞ համար են համընդհանուր օրենքները և իրավապահ համակարգի հղումները այս կամ այն օրենքին, եթե վարչապետի խոսքն է Օրենքը, որն առանց մեկնաբանության կատարման ենթակա է:

Ի վերջո, ի՞նչն է կաշկանդում կամ վախեցնում երկրի ոստիկանապետին, որի ղեկավարած կառույցի հիմնական գործը հանցագործության դեմ պայքարն է, իր գործառույթն իրականացնել օրենքի տառին համապատասխան:

Եվ կամ՝ ի՞նչ ասել է շտապ հավաք, ի՞նչ շտապողականության մասին էր խոսքը, եթե մինչ օրս դեռ հստակ չի, թե կոնկրետ ի՞նչ հանցագործություն կանխվեց այդ շտապ հավաքի արդյունքում: 
Եթե անգամ առերևույթ չարաշահումների վերաբերյալ հանգամանքներ պարզելու հետ գործ ունեինք, ապա ի՞նչ բացահայտումներ եղան, այս համատեքստում՝ ոստիկանությունը լռում է:

Ի վերջո՝ վարչապետի հրահանգով չի կարող արգելվել դատարանների գործունեությունը, մինչդեռ հենց դա տեղի ունեցավ մայիսի 20-ին Հայաստանում. բացահայտ, ի տես բոլորի խոչընդոտվեց արդարադատության իրականացմանը եւ ձայն բարբառոյ հանապատի։

Թերևս, այստեղից կարելի է եզրակացնել, որ քանի դեռ վարչապետը հանձնարարական չի տվել՝ իրավական գնահատական տալու՝ այն չի տրվի։

Ազատության հրապարակում ժողովրդին հրմշտող խուժանը կարող է հարձակվել թոռնիկների հետ զբոսնող քաղաքական գործչի կամ ցանկացած այլ մարդու վրա և նրան կանգնեցնող չի՞ լինի, կամ՝ ասենք, նույն խուժանը կարող է մարդկանց գլուխը ցխելու՝ խոսքից անցնել գործի և դարձյալ ոստիկանությունը նստած սպասելու է հրահանգի, այլ ոչ թե՝ կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները: