Գլխավոր Նորություններ «Հյուսիս-հարավի» աշխատակիցները փակել են ճանապարհի Ուջան գյուղի հատվածը. պահանջում են հանդիպում կառավարության...

«Հյուսիս-հարավի» աշխատակիցները փակել են ճանապարհի Ուջան գյուղի հատվածը. պահանջում են հանդիպում կառավարության անդամների հետ

80

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են ճանապարհի Ուջան գյուղի հատվածը։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձը։

Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։

«Աշխատել ենք մինչև նոյեմբեր, խոստումներ են տվել, որ գումարները վճարելու են։ Բոլորին դիմել ենք՝ մեր թանկարժան վարչապետին, փոխվարչապետին, տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի պետին, իսպանական կազմակերպությանը։ Առ այսօր մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս, թե ով պետք է մեր գումարները վճարի։ Իսպանական կազմակերպությունն ասում է, թե պետք է կառավարությունը վճարի, որ տանք, կառավարությունն էլ ասում է, թե գումար չունի վճարելու։ Որևէ մեկը չի գալիս կլոր սեղանի շուրջ, որպեսզի հասկանանք, թե ով պետք է վճարի», – ասում են ակցիայի մասնակիցները։

Նրանց խոսքով՝ գումարը շատ մեծ է՝ 2 մլրդ 200 մլն դրամ։

Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ տրանսպորտի նախարարությունը, ոլորտը վերահսկող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կհրավիրեն իրենց, խնդրին լուծում կտան։

«Իրենք ճանապարհ փակելով եկան իշխանության, հիմա ոչ մեկը մեր խնդիրը չի լսում», – ասացին ճանապարհը փակած քաղաքացիները՝ հավելելով, թե պարբերաբար ակցիաներ են անելու, մինչև իրենց խնդիրը չլուծվի։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։