Գլխավոր Նորություններ «Լուծեք էդ հարցը, ամոթ ա». Վարչապետին զայրացրել է Մյասնիկյանի արձանի վիճակը (Տեսանյութ)

«Լուծեք էդ հարցը, ամոթ ա». Վարչապետին զայրացրել է Մյասնիկյանի արձանի վիճակը (Տեսանյութ)

125

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Մյասնիկյանի արձանին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցները գնացել, ուսումնասիրել են։

«Դա պատկանում է Մշակույթի նախարարությանը, նախարարության հետ կապվեցինք, ասեցինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան թափեն, արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի», – ասաց Ցոլակյանը։

Նա նշեց, որ պետք է ուսումնասիրություն կատարվի ու հարցը լուծվի։

«Հայտնի այգու բացման օրը, երբ շրջայցի էինք, Վարդանյան եղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են այգու հետ նաև այդ արձանը նորոգեն, բայց ասվել է, որ դա մշակութային արժեք է, ես էլ ասացի՝ մշակութային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չէ նորոգել, հանկարծ չկպնեք, մենք արդեն սովոր ենք, որ մշակութային արժեքը պետք է ավերակ լինի», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ երբ տեսել է, որ քարեր են կախված, ասել է, որ տեսականորեն վտանգ կա, պետք է ինչ-որ քայեր ձեռնարկել։

«Դրանից հետո ես անցնում եմ ու ինչ եմ տեսնում, տեսնում եմ, որ բերել են էդ արձանը ժապաժվենով փաթաթել են, ընդ որում, էն հայտնի շաբաթօրյակի օրը, երբ Սոս Սարգսյանի թատրոնը պիտի բացվեր, ես այդ օրը Երևանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին ասացի, որ ճանապարհը, օրինակ, փակում են, ինչ-որ բան են կապում, ինչո՞ւ պետք է էդ փակելը արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժամապենով՝ 25 տեղից կապած», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ պետք է ժապավենը հանվի ու ամեն ինչ արվի պատշաճ։

«Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն, բերել փաթաթել։ Էսօր էլ իմացա, որ էդ արձանում արդեն ջարդուփշուրի պրոցես է սկսվել, ի՞նչ է տեղի ունենում, պարոն Մովսիսյան», – դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին՝ ասաց վարչապետը։

Փոխոստիականապե Վարդան Մովսիսյանն ասաց, թե տեղյակ չեն՝ ով է կապել ժապավենը, բայց աշխատանք են իրականացնում՝ պարզելու, թե ջարդողն ով է եղել։

«Տեսախցիկներ կան, չէ՞», – հետաքրքրվեց վարչապետը։

«Համացանցում կա, անձը երևում է», – արձագանքեց Մովսիսյանը։

«Մինչև հիմա հայտնաբերված չէ՞», – ասաց վարչապետը՝ ստանալով բացասական պատասխան։

«Քանի՞ օր է անցել», – հետաքրքրվեց Փաշինյանը։

«Երկու օր է անցել», – ասաց Մովսիսյանը։

«Շատ վատ է, եթե մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, բա որ տեսախցիկի մեջ չլիներ, քանի՞ օր չենք կարա հայտնաբերենք», – զայրացավ վարչապետը՝ հորդորելով արագ հայտնաբերել։

Նիկոլ Փաշինյանը նորից վերադարձավ ժապավենին։

«Էդ ժապավենը…ամոթ ա, էդ այգին Երևանի նորաբաց ժամանակակից այգին է, ու մարդը գալիս տեսնում է ժապավենով փաթաթած արձանը դիմացը, ես չեմ հասկանում, էդ մարդիկ քթածակ չունե՞ն», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հարցը լուծել։

«Ինձ համար տարբերություն չկա՝ ով է, լուծեք էդ հարցը», – հորդորեց նա։