Գլխավոր Շոուբիզնես «Անձնական ոչ մի խնդիր չի եղել». Մարիամ Ալեքսանյանը` եթերում չլինելու պատճառի եւ...

«Անձնական ոչ մի խնդիր չի եղել». Մարիամ Ալեքսանյանը` եթերում չլինելու պատճառի եւ նպատակի մասին

148

Մարիամ Ալեքսանյանը վերջերս ավարտեց Թատերական ինստիտուտը: Թե ինչպես է պատկերացնում իր ստեղծագործական կյանքը, ինչու այլեւս չի վարում «Երկիր մեդիա»-ի առավոտյան ծրագիրը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Մեր ինստիտուտում մի յուրահատուկ աուրա կա, որից երբեք չեմ ցանկանա կտրվել, երեւի դա է պատճառը՝ դեռ չեմ գիտակցում, որ ավարտել եմ: Թատերականն այն վայրերից է, որտեղ դու հավերժ ուսանող ես: Փոփոխությունը կլինի այն, որ առավոտյան չեմ արթնանալու եւ դասի շտապելու: Այնպես է, որ ես քնելու մեծ վարպետ եմ, եւ առավոտյան ինձ արթնացնելը պատերազմ է»,-նշել է Մարիամն ու հավելել.«Միշտ գնալու եմ այնտեղ՝ փորձերի, ներկայացումների, դասերի: Մեր ինստիտուտը միայն սովորելու վայր չէ, բայց ասեմ, որ այս ամենը գիտակցել եմ ավարտելուց հետո: Հիմա եմ հասկանում, որ շատ-շատ եմ կարոտելու իմ կուրսին, իհարկե, նույն ասպարեզից ենք, բայց ես այնպիսի կուրսում եմ սովորել, որն իմ կյանքում մեծ տեղ ունի: Այժմ էլ այնպիսի օր չկա, որ չհանդիպենք, միմյանց տանը չմնանք, բայց սովորելու տարիներն, իհարկե, ուրիշ են»:

Մարիամ Ալեքսանյանը


Իր գործունեությունը նա միայն մասնագիտական ոլորտում է պատկերացնում. «Սիրում եմ իմ մասնագիտությունը, ունեմ ընտրյալ, ով եւս այս ասպարեզից է, եւ մենք գիտենք բարդությունները: Կարծում եմ՝ իմ հաջորդ քայլը թատրոն ընդունվելն է: Ցանկությունը միշտ մեծ է, բայց տեղ չկա: Թատրոնն ինձ համար յուրահատուկ վայր է, այն իմ նպատակներից մեկն է, հուսով եմ՝ կհասնեմ ուզածիս: Ուզում եմ ընդունվել թատրոն, հարգելի գեղարվեստական ղեկավարներ»:
Դերասանուհին այժմ հեռուստատեսային որեւէ նախագծում ընդգրկված չէ, ասում է՝ այժմ կարեւորում է ներկայացումերում խաղալը.«Այն ժամանակ նայում էի ֆինանսին, մտածում էի՝ նկարահանումներն ավելի լավ են, հաճույք են պարգեւում, շատ լավ ժամանակ ես անցկացնում, թռի-վռի կյանք է, բայց՝ ոչ… Թատրոնը բարդ կառույց է, որտեղ կարողանում ես կերտել սեփական բնավորությունդ: Շատ առաջարկներ են եղել այս շրջանում, որոնք մերժել եմ բաց կամ համբույրի տեսարանների առկայության պատճառով: Չեմ կարող ասել՝ առաջիկայում ինձ որտեղ կտեսնեք, գուցե հենց այսօր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանամ, ինչը շատ լավ կլիներ»:

Մարիամ Ալեքսանյանը


Մարիամի խոսքով՝ որպես հաղորդավարուհի մեծ փորձ է կուտակել, սակայն «Երկիր մեդիա»-ի հետ համագործակցությունն ավարտվել է.«Այդ աշխատանքն ինձ համար բացահայտում էր, ինձ լավ էի զգում այդ ձեւաչափում, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հնարավորություն տվեցին ինձ: Անձնական ոչ մի խնդիր չի եղել, միայն տեխնիկական հարցերի պատճառով եմ դուրս եկել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից