Գլխավոր Նորություններ Ինչ կատարվեց. Արմեն Սարգսյանի արագ քայլը. հրաժարակա՞ն է հասունանում

Ինչ կատարվեց. Արմեն Սարգսյանի արագ քայլը. հրաժարակա՞ն է հասունանում

121

1in.am-ը գրում է. Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տարածել է տեղեկություն այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային Ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու՝ Վահե Գրիգորյանին: Այս տեղեկությունը խիստ հետաքրքիր է, քանի որ երկու օր առաջ խորհրդարանը մերժեց նրա ներկայացրած թվով երրորդ, իսկ նոր խորհրդարանի համար երկրորդ թեկնածուին՝ այս դեպքում Արթուր Վաղարշյանին: Մինչ այդ, նոր մեծամասնությունը մերժել էր Գոռ Հովհաննիսյանին: Առաջին անգամ Արմեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրել էր հենց Վահե Գրիգորյանին, սակայն դա հին խորհրդարանն էր, որտեղ դե ֆակտո հին մեծամասնությունն էր որոշողը և մերժողը:

Վահե Գրիգորյանն է նոր մեծամասնության ակնառու ընդունելի թեկնածուն, և ընդգծված քաղաքական համատեքստի բերումով: Գրիգորյանը քաղաքականապես հոգեհարազատ թեկնածու է նոր մեծամասնության կամ մեծամասնության որոշակի մեծամասնության համար: Թեև այդ մասին ֆորմալ առումով չի հայտարարվում, սակայն գրեթե կասկած չկա, որ դատավորի թեկնածուների մերժումները եղել են քաղաքական շարժառիթով, ոչ մասնագիտական: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոր մերժումից հետո հայտարարել էր, երբ չանցավ նաև Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, որ որևէ խնդիր չկա Արմեն Սարգսյանի հետ, պարզապես կան տարբեր պատկերացումներ և առաջադրումները ու մերժումները կշարունակվեն այնքան, մինչև այդ պատկերացումները համադրվեն:

Եվ ահա, Արմեն Սարգսյանը չհայտարարելով դատավորի թեկնածուի հավակնորդների նոր դիմումներ ընդունելու մասին, առաջադրում է Վահե Գրիգորյանին: Գրեթե կասկած չկա, որ նրա թեկնածությունը խորհրդարանի մեծամասնությունը կհաստատի:

Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործի տուժողների իրավահաջորդ է, ներկայումս նաև վարչապետի խորհրդական: Ինչ կատարվեց, որ Արմեն Սարգսյանը տեղի տվեց խորհրդարանի մեծամասնությանն ու առաջադրեց այն թեկնածուին, որի աաջադրումը ակնկալում էր մեծամասնությունը: Ընդ որում այն, որ Արմեն Սարգսյանը հերթական մերժումից հետո շատ արագ է առաջադրում նոր թեկնածու, հուշում է, որ այդուհանդերձ գործ ունենք առանձահատուկ քաղաքական իրավիճակի հետ: Սա էլ իհարկե ինքնին հետաքրքիր է մայիսի 19-20-ի դատաիրավական ռեֆորմի ալիքի ֆոնին, որին Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի անդրադարձով տվեց ռազմա-քաղաքական լայն երանգավորում ու շերտավորում, կամ ցույց տվեց այդ շերտավորումը հանրությանը:

Ի դեպ, Արմեն Սարգսյանն աջակցեց վարչապետին, բավականին նուրբ, զուսպ և դիպուկ արձանագրելով, որ ըստ Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դրանից հետո սակայն խորհրդարանը մերժեց Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուին, փաստորեն այդպես հայտնելով ՙերախտագիտություն՚: Բայց, Արմեն Սարգսյանը մի քանի օր անց փաստորեն նոր թեկնածությամբ բավարարում է կառավարող մեծամասնության քաղաքական ՙքիմքը՚, ոչ թե նույն ոգով գնում առճակատման, ինչպես ԱԺ նախագահն էր ասել՝ այնքան, մինչև պատերացումները կհամընկնեն:

Հաշվի առնելով նախագահ Սարգսյանի թե անձնական, թե քաղաքական, թե հանրային գործունեության մեծ կենսափորձը, ընդհուպ միջազգային հարաբերությունների մասշտաբով, աներկբա է, որ Սարգսյանը տեսել է այդ պատկերացումները ՍԴ դատավորի հարցում «արագորեն» համադրելու անհրաժեշտություն և չի տարվել ավելորդ փառասիրությամբ: Սա անշուշտ քաղաքական բարձր կարգ է: Իր հերթին, անկասկած բավական հետաքրքիր է Արմեն Սարգսյանի արագ արձագանքի ու ճկունության քաղաքական շարժառիթը, հատկապես այն հարցի ֆոնին, որ առաջացել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո՝ ՍԴ նախագահի հրաժարականը: Ադյո՞ք Արմեն Սարգսյանի արագ քայլը պայմանավորված է այդ հարցի արագ հասունացմամբ կամ հասունացման ընթացքի արագացմամբ: Այլ կերպ ասած, խորհրդարանը փաստացի արդեն կարող է ընտրել ոչ թե ՍԴ դատավոր, այլ մեծ հաշվով ՍԴ նախագահ: