Գլխավոր Նորություններ «Արմեն Սարգսյանը կամ հրաժարական պետք է տա, կամ կարգի հրավիրի գործադիր իշխանությանը»....

«Արմեն Սարգսյանը կամ հրաժարական պետք է տա, կամ կարգի հրավիրի գործադիր իշխանությանը». Գեւորգ Պետրոսյան

361

Նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նախագահ Արմեն Սարգսյանը, Սահմանադրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակում արդեն մեկ տարի է ներգրավված է այդ գործընթացում: Նրա առաջադրած մի քանի թեկնածություններ մերժվեցին խորհրդարանի կողմից: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը խորհրդարանն արդեն մեկ անգամ մերժել էր: Նախագահի առաջադրած նախավերջին թեկնածուն Գոհ Հովհաննիսյանն էր: Նրա թեկնածության առաջադրումից հետո արդեն քննարկումներ սկսվեցին`կարո՞ղ էր կամ պետք էր, որ նախագահը կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրի: Խորհրդարանի կողմից մերժված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր: Վահե Գրիգորյանն իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է: Այս առաջադրումով, փաստորեն, խորհրդարան-նախագահ հակադրությունում հաղթեց խորհրդարանը`Aravot.am-ի դիտարկմանը, ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Փաստորեն, այո: Բայց ոչ թե խորհրդարանը հաղթեց, այլ գործադիր իշխանության ղեկավարը, քանի որ չեմ կարծում, որ խորհրդարանի մեծամասնության եւ գործադիր իշխանության ղեկավարի միջեւ այդ հարցում համաձայնություն չլինի»: Ընդդիմադիր պատգամավորը սրանով է պայմանավորում նախորդ թեկնածությունների տապալումը: Իր համար հատկապես զարմանալի է, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվեց նախորդ թեկնածության տապալվելուց մի քանի ժամ անց: Դատելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հայտարարություններից, որ իրենք ՍԴ դատարանի անդամի թեկնածության հարցին մոտենում են քաղաքական կոմպոնենտից ելնելով, մեր զրուցակիցը ենթադրում է, որ անկախ մասնագիտական որակներից, իշխող կուսակցությունում քաղաքական որոշում կար`«շարքից հանել մյուսներին եւ տեղը խցկել իրենց համար նախընտրելի թեկնածուին»: Մեր զրուցակիցը նկատում է`այսպիսով` շարունակվում են «լավագույն ավանդույթները»: