Գլխավոր Մամուլ «168 ժամ». Ինչո՞ւ Ա. Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ...

«168 ժամ». Ինչո՞ւ Ա. Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ նախագահ համարողին. գուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը

108

«Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։

Ինչպես շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու վերլուծաբաններ են համարում, երկու անգամ բաց թողնվեց որպես ՍԴ դատավոր՝ բացարձակապես ապաքաղաքական անձնավորություն ունենալու հնարավորությունը՝ հանձինս թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի ու Արթուր Վաղարշյանի, և շուտով մենք, փաստորեն, կունենանք խիստ քաղաքականացված, իշխանությունների բացահայտ համակիր Վահե Գրիգորյան ՍԴ անդամին, ում անաչառությունը հետագայում կայացվելիք իր որոշումների մասով առնվազն ի սկզբանե կասկածահարույց է։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավական երկար ժամանակ դիմադրեց՝ տուրք չտալով իշխանությունների պահանջին ու իր թեկնածուներին առաջադրելով՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ։ Ուրեմն ի՞նչն այժմ նրան ստիպեց առաջադրել Վահե Գրիգորյանին, մի մարդու, որի թեկնածությանն ինքն ակնհայտորեն դեմ էր, այլապես հենց սկզբից կառաջադրեր այն նույն Վահե Գրիգորյանին, ով իրեն՝ Արմեն Սարգսյանին, ոչ լեգիտիմ նախագահ է համարում։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի կարծիքն այդ առումով կարծես թե չի փոխվել։

Այսպես, երեկ Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրել է իր այդ խոսքերը և հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքել է Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասել է՝ բացարձակապես։

Մեր տեղեկություններով՝ սակայն, աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական էին տվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը թե մասնագիտական, թե իր մեծամիտ վերաբերմունքի համար, որ պարբերաբար դրսևորվում էր նրա հարցազրույցների ու սոցցանցային գրառումների ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախագահը փաստորեն անտեսեց իր առաջադրած թեկնածուների նկատմամբ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության անթաքույց արհամարհանքը, ՍԴ դատավորի ընտրության պրոցեսն ակնհայտորեն ֆիկցիայի վերածելը, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չուներ Վահե Գրիգորյան անուն ազգանունը։ Արմեն Սարգսյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց այն մարդուն, ով իրեն համարել և համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ի՞նչ ճնշում է գործադրվել նախագահի վրա, որ նա չի կարողացել դեմ գնալ իշխող էլիտայի կամքին ու իր կամքին հակառակ՝ ներկայացրել է հենց նրա թեկնածությունը։ Միգուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: