Գլխավոր Նորություններ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչպես են Դատախազության 2 բողոքները...

Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ դատարան՝ պարզելու, թե ինչպես են Դատախազության 2 բողոքները մակագրվել նույն դատավորին

106

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երկուշաբթի օրը դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան՝ պարզելու, թե ինչպես է պատահել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով Դատախազության երկու բողոքները մակագրվել են միևնույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած բողոքին:

Հայկ Ալումյանն ասաց, որ պահանջելու են տրամադրել ընթացակարգի հետ կապված տեղեկություններ, համակարգչային տվյալները:

«Մեզ համար շատ տարօրինակ է, որ երկու բողոքներն էլ հայտնվեցին միևնույն դատավորի վարույթում, եթե մեզ փորձում են համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով պատահականության սկզբունքով, ապա ավելի քան տարօրինակ է, արժանահավատ չէ, որ այդ երկու բողոքներն էլ այ էդպես պատահականության սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ: Ընդ որում` էն դատավորի մոտ, որը մշտապես կամ տարեցտարի փաստաբանների վարկանիշավորման գործընթացում ամենացածր, կամ վերջից 3-րդ տեղում է եղել, մշտապես փաստաբանները բարձրաձայնել են այն հանգամանքը, որ տվյալ դատավորը եղել է Դատախազության ցանկությունները կատարող դատավոր, երբևիցե աչքի չի ընկել այնպիսի որոշումներով, որոնք հակասեին Դատախազության դիրքորոշմանը»,-նշեց նա:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վերաքննիչն իրավունք չուներ բողոքներն առհասարակ վարույթ ընդունել, Դատախազություն էլ իրավունք չուներ որոշումները բողոքարկել:

Հայկ Ալումյանը կարծում է, որ դատարանների նկատմամբ ուժ է կիրառվում: