Գլխավոր Նորություններ Ո՞վ կամ ովքե՞ր են դավադիրները. Սերժ Սարգսյանի՞ դավադրություն, թե՞ դավադրություն՝ ընդդեմ Սերժ...

Ո՞վ կամ ովքե՞ր են դավադիրները. Սերժ Սարգսյանի՞ դավադրություն, թե՞ դավադրություն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

113

1in.am-ը գրում է. ԱԺ թվով 47 պատգամավորի դիմում-պահանջով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով. այս մասին մայիսի 31-ին ԱԺ նիստին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որն առաջին նիստը մտադիր է հրավիրել արդեն վաղը։

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Իր ելույթում անդրադառնալով Հայաստանի դատական համակարգում անհապաղ «վիրահատական միջամտությունների» միջոցով բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը՝ Փաշինյանը խոսել է Արցախում և Հայաստանում «նախկին կոռումպացված համակարգի ակտիվության, նախապատրաստվող դավադրության, և նույնիսկ «դավադիր պատերազմ» հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա գցելու վտանգի մասին։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը թերևս առաջին անգամ՝ նման բարձր մակարդակով, ակնարկում կամ նույնիսկ պնդում է, որ 2016-ի Քառօրյա պատերազմը «դավադիր» է եղել, ընդ որում՝ վարչապետի թափանցիկ ակնարկն այն է, որ այդ «դավադրությունն» ամենևին էլ ավարտված չէ ու ընթացքի մեջ է։ Սրանով պայմանավորված՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության օբյեկտն ամենևին էլ միայն անցյալը կամ եռամյա վաղեմության իրադարձությունները չեն լինելու։ Համենայնդեպս, դատելով Փաշինյանի խոսքի տրամաբանությունից՝ նման դավադրության ռիսկ կա նաև այսօր։

Ընդ որում՝ ակնհայտ է, որ դավադրությունն այս դեպքում բազմաշերտ դրսևորում կարող է ունենալ՝ ներքին ու արտաքին բաղադրիչներով։ Օրինակ՝ Հայաստանում կոռումպացված քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունն արդեն իսկ դավադրություն է պետության դեմ, որը հատկապես կարող էր հանգեցնել պատերազմի, քանի որ համատարած թալանն ըստ էության մսխել էր երկրի պաշտպանական ու դիվանագիտական ռեսուրսները։ Էլ չեմ ասում այն մասին, որ 2015-16թթ. ակնհայտ էր հին համակարգի ճգնաժամը, ինչը նրա ներսում առաջացրել էր գզվռտոց, որի թիրախը դարձյալ պետությունն էր՝ իր անվտանգային միջավայրով։

Սակայն եթե քննարկելի են Քառօրյա պատերազմի դավադրության միայն, այսպես կոչված, ներքին ասպեկտները, ապա դրա համար հազիվ թե անհրաժեշտություն առաջանար խորհրդարանում ձևավորելու Քննիչ հանձնաժողով, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի թիմը տիրապետում է գործադիր և օրենսդիր իշխանությանը և կարող էր իրավական հարթության վրա հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել հնարավոր դավադրության մասնակիցներին։

Խնդիրն այն է, որ այս պարագայում դժվար է սահմանազատել հնարավոր դավադրության ներքին ու արտաքին սահմանները։ Նիկոլ Փաշինյանն էլ այս նուրբ թեմային անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման համատեքստում, երբ ակնհայտ էր, որ գործ ունենք Հայաստանի ինքնիշխանության դեմ հյուսվող դավադրության հետ, որի հետքերը կարող են տանել Մոսկվա։

Կարո՞ղ է Հայաստանի իշխանությունն այդքան հեռու գնալ և Քառօրյա պատերազմի դավադրության հիմքերը փնտրել ԼՂ կարգավորման, այսպես կոչված, ռուսական տարբերակի կամ «Լավրովի պլանի» խորքերում, որտեղ հասունանում էր ադրբեջանա-ռուսական սեպարատ համաձայնություն։

Անկախ նրանից՝ դրանում եղե՞լ է Հայաստանի այն ժամանակվա իշխանության մասնակցություն և ի՞նչ չափով է եղել այդ մասնակցությունը՝ ակնհայտ է, որ այս նուրբ թեմայի քննարկումը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու հայ-ռուսական հարաբերություններում։ Ակտուալ է հարցը՝ արդյոք Փաշինյանի թիմը պատրա՞ստ է նման համապարփակ քննության, որի արդյունքում բացահայտվելու է ոչ միայն Հայաստանի նախկին համակարգի, այլ նաև Մոսկվայի պատասխանատվությունը։ Եթե, օրինակ, Քննիչ հանձնաժողովն իր բացահայտումներով սահմանափակվի միայն ներքին կոմպոնենտով, կարող է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանական քննությունն արվում է բացառապես ներքին ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով։ Սա, կարծում եմ, արդյունավետ չի լինի ու կարող է քաղաքական շահարկումների առիթ տալ։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ դավադրության, այսպես կոչված, արտաքին կամ ռուսական հետքը «հասունացել» է հենց Երևանում։ Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ուշագրավ միտք է հայտնել. «Վարչապետի հայտարարությունն անհիմն չէր. այո, ուժային կառույցներում կային մարդիկ, որոնք պատրաստ էին ցանկացած գնով գալ իշխանության՝ տապալելով Սերժ Սարգսյանին, նույնիսկ եթե դա լիներ պատերազմի անհաջողությունները նրան վերագրելը։ Նրանք կարծում էին, թե պատերազմի դեպքում կարող է իրավիճակ փոխվել։ Իսկ մենք գիտեինք, որ այդ ժամանակ մարդիկ պատրաստ էին իշխանությունը փոխել ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ նաև տեռորի միջոցով։ Ունենալով քաղաքական հավակնություն՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գնով գալ իշխանության՝ աշխատանք էր տարվում Մոսկվայի հետ։

Դրանք հայկական կողմի նախաձեռնություններն են եղել։ Ապրիլյան պատերազմի հետ կապված պետք է բացահայտումներ լինեն, որպեսզի որևէ մեկը այսօր էլ բախտը չփորձի գնալ Ռուսաստան ու իր ծառայություններն առաջարկել, և իմանա, որ ուշ թե շուտ բացահայտվելու է և խայտառակ է լինելու, նզովվելու է։ Եթե այդ դավադիր քայլերն անողներին այսօր չբացահայտենք, չենք կարող վստահ լինել, որ նման բան չի պատահի նաև վաղը»։

Ընդ որում՝ եթե հիշենք, որ Քառօրյա պատերազմին նախորդել ու հաջորդել են Նորք-Մարաշի բանդայի բացահայտման ու ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունները, ապա այս վարկածը բավականին արժանահավատ է դառնում։

Ո՞վ կամ ովքե՞ր են Քառօրյա պատերազմի հնարավոր դավադիրները. վարկածների պակաս չկա, ամբողջ խնդիրն այն է, թե որքանով արդյունավետ կլինի ու մինչև ուր կհասնի խորհրդարանական քննությունը։