Գլխավոր Նորություններ «Օրրան»-ի 14-րդ բարեգործական ընթրիքի հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

«Օրրան»-ի 14-րդ բարեգործական ընթրիքի հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

92

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը երեկ կրկին իր շուրջն էր համախմբել գործընկերներին ու աջակիցներին` մասնակցելու արդեն 14-րդ տարին անցկացվող գալա-ընթրիքին: Բարեգործական երեկոյի ընթացքում նախատեսված էր ոչ միայն համեղ հյուրասիրություն, այլեւ աճուրդ-դրամահավաք, խաղարկություն, ինչպես նաեւ կենդանի երաժշտություն: Ընթրիքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին եւ զրուցել երեկոյի կազմակերպիչների ու աջակիցների հետ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս աճուրդ-դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարը կտրամադրվի «Օրրան»-ի ավելի քան 300 շահառու երեխաների եւ 100 ծերերի խնամքին: Նվիրատվությունը կօգնի ամենօրյա տաք կերակուր, կրթական, բժշկական, սոցիալական եւ մշակութային ծառայություններ տրամադրել Երեւանի եւ Վանաձորի կենտրոնների երեխաներին: 
38

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նախ ներկայացրեց սրահի մուտքի մոտ տեղադրված այն ծառը, որի վրա գրված էին խոշոր նվիրատվություն կատարած անձանց անունները: Նրա խոսքով՝ այդ ծառը խորհրդանշում է «Օրրան»-ի ընտանիքը, որի անդամների թիվը տարեցտարի ավելանում է:

«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք գալիս են մեր միջոցառումներին եւ իրենց ներդրումն ունենում այս բարի գործում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ դրամական միջոցները նրանք կարող էին ծախսել իրենց ընտանիքի կամ սեփական հաճույքների համար, բայց նրանք գիտակցել են կյանքի գաղտնիքներից մեկը՝ երբեմն շատ ավելի մեծ հաճույք ես ստանում, երբ կիսում ես ունեցածդ, ուրիշին ես նվիրում, քան երբ ամբողջովին ծախսում ես քեզ վրա»,- նկատեց տիկին Արմինեն:

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


«Օրրան»-ի երկարամյա գործընկեր եւ աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես ներկա էր երեկոյին, իր խոսքում ընդգծեց, որ նման բարեգործական միջոցառումներով իրենք փորձում են ցույց տալ, որ իրենց ներսի մանուկը դեռ արթուն է.«Այս երեկոն մի շատ կարեւոր պատգամ ունի՝ անկախ նրանից, թե ինչքան ենք մեծանում տարիքով, մենք պետք է կյանքին նայենք մանուկների աչքերով: Մենք ուզում ենք ձեռք մեկնել աջակցության կարիք ունեցող երեխաներին, որ նրանց կյանքում վերացնենք հուսահատությունը, որ նրանց ասենք՝ կյանքը լավն է: Մարդ երբեք չպետք է մոռանա երեխայի ձայնն իր մեջ, որովհետեւ երբեմն հենց այդ երեխան է ցույց տալիս բարի ու մաքուր ճանապարհը»:

Շուտով մեկնարկեց երեկոյի ամենասպասված պահերից մեկը՝ աճուրդ- դրամահավաքը, որի ընթացքում խաղարկվեցին քանդակներ, կտավներ, գորգեր, զարդեր, հանգստի ուղեգրեր, սուպեր պրեմիում կարգի վիսկի՝ 21 տարվա հնեցմամբ, եւ այլն: Հատկանշական էր «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրների հետ պատմական հանդիպման հնարավորությունը: Խորհրդանշական ճաշը տեղի է ունենալու հոկտեմբերին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, Ավրորա մրցանակաբաշխության շաբաթվա ընթացքում: Հետաքրքիր էր նաեւ այն փայտե վահանակը, որի վրա «Օրրան Վանաձոր»-ի երեխաներն իրենց կամավոր Ռոբերտ Ավեդիսյանի հետ 90 ժամ աշխատել են հայկական այբուբենի տառերը փորագրելու համար:

«Օրրան»-ի բարեգործական ընթրիքին


Ընթրիքից գոյացած  ամբողջ հասույթը շուտով կուղղվի իր նպատակի իրագործմանը: Իսկ եթե դուք ներկա չեք եղել բարեգործական ընթրիքին եւ ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ «Օրրան»-ի բարի գործում, ապա կարող եք միանալ նվիրատվությանը հետեւյալ հաշվեհամարներով՝  
Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան
Հ/Հ 001-119189-001 (ՀՀ դրամով փոխանցումների համար) կամ Հ/Հ 001-119189-101 (ԱՄՆ դոլարով փոխանցումների համար): Կամ պարզապես կարող եք այցելել կազմակերպության պաշտոնական կայքէջ` orran.am, եւ սեղմել DONATE կոճակը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/