Գլխավոր Նորություններ Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինեն՝ երեխաներն...

Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինեն՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան

144

Թեև երեխաներն ու նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարին 12 ամիս, սակայն, այնուամենայնիվ, փոքրիկներն էլ օրացույցում իրենց պաշտպանության օրն ամրագրող կարմիր շրջանակ ունեն՝ հունիսի 1:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքի շեշտադրումն առաջնահերթ դրված է հանցագործությունների, իրավախախտումների կանխարգելման վրա:

Ոստիկանության ամենօրյա կանխարգելիչ աշխատանքների արդյունքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է:

– Տիկին Դուրյան, երկու օր առաջ նշվում էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում երեխաների իրավունքներն ինչքանո՞վ են պաշտպանված մեր օրերում:

– Գիտեք, եթե խոսեմ ոստիկանության անունից, կարող եմ նշել, որ իսկապես, հունիսի 1-ը մեզ համար տոն է, քանի որ այդ օրը նշում ենք երեխաների հետ, երեխաների համար: Այս տարի էլ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել այն երեխաների համար, ովքեր մեր տեսադաշտում են հայտնվել, ովքեր հաշվառված են, հաճախում են ցերեկային կենտրոններ, անապահով ընտանիքից են… Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բավականին լավ օրենքներ: Ունենք մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կարողություններ, հմտություններ ու դրանք օգտագործում են ի նպաստ երեխաների: Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, նաև՝ հասարակությունն ուշադիր ու սրտացավ լինեն, անտարբերություն չցուցաբերեն, ապա երեխաներն անխոցելի կլինեն:

– Ծնողների՝ հատկապես մայրիկների կողմից, երեխաներին դաստիարակելու կամ պատժելու միջոց հաճախ հանդիսանում է ապտակը, հարվածելը: Եվրոպայում դա կոչվում է բռնություն: Հայաստանում ո՞րն է սահմանը դաստիարակչական ապտակի ու երեխայի նկատմամբ կատարված բռնության միջև, նման ահազանգեր շա՞տ եք ունենում:

– Կարծում եմ՝ մեզ մոտ էլ բավական բան փոխվել է. արդեն ունենք ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի օրենք, որի կիրառմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ սկսած երեխայից, կարող է հնարավորինս պաշտպանված լինել: Անդրադառնալով ծնողների կողմից կիրառվող դաստիարակչական մեթոդներին՝ կարծում եմ՝ այդ առումով էլ փոփոխություններ կան: Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, նման դեպքերն արդեն ի հայտ են գալիս: Իրավիճակը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ ֆիզիկական բռնության ենթարկված երեխաների թիվը փոքր է: Ավելի շատ կանայք են ահազանգում: Բայց ասեմ, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների մեջ նաև կանայք կան: Ուզում եմ չմոռանանք, որ բռնության մասին ահազանգող գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա 1 կամ ավելի երեխա: Ու այդ երեխան, եթե նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման: Չէ՞ որ նա ամեն օր տեսնում է կռիվ, ծեծ, ջարդ, ինչից երեխայի հոգեբանությունը շեղվում է:

– Ո՞ր տարիքի երեխաներն են ամենաիրավախախտներն, արդյոք մինչև 18 տարեկան բոլոր երեխաների  դեպքում միևնույն պատժամիջոցներն են կիրառվու՞մ:

– Ծանր և միջին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 14 տարեկանից սկսած երեխաները: Հանցագործություն կատարող երեխաների գերակշիռ մասը հիմնականում հենց 15, 16, 17 տարեկան անչափահասներն են: Ավելի փոքր տարիքի երեխաների մոտ դեպքերը եզակի են: Հազվադեպ՝ 11 տարեկաններն են հայտնվում կիզակետում: Դա տարվա կտրվածքով մեկ, երկու երեխա է լինում:

– Քրեակատարողական հիմնարկներում այսօր պատիժը կրող քանի՞ անչափահաս ունենք:

– Մեկ անչափահաս ունենք: Իհարկե, ունենք հանցագործություն կատարած անչափահասներ, բայց մեր պետության մոտեցումն այն է, որ երեխաները հնարավորինս քիչ հայտնվեն Աբովյանի՝ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ամեն ինչ արվում է, որ երեխան վերադաստիարակվի, ուղղվի իր համայնքում, իր տանը, հանրակրթական դպրոցում: Լավ «կորիզի» մեջ լինելով՝ երեխան ավելի շուտ կարող է ուղղվել ու շիտակ ճանապարհի վրա կանգնել: Փառք Աստծո՝ երեխաների շրջանում թմրամոլության, վանդալիզմի դեպքեր գրեթե չունենք, շատ փոքր ցուցանիշ է կազմում: Մուրացիկ երեխաների թիվն էլ շատ փոքր է, բայց պետք է այնպես անենք, որ ոչ մի երեխա դրա կարիքը չունենա:

– Արդյոք երեխաների մասնակցությամբ հանցագործությունների հիմնական պատճառն ընտանիքների սոցիալական պայմաններն են: Կա՞ վիճակագրություն՝ ապահովվա՞ծ, թե՞ անապահով ընտանիքներից են օրինապահների ուշադրության կենտրոնում հայտնվող երեխաները:

– Կարծում եմ՝ ավելի մեծ դերակատարություն ունեն դաստիարակությունը, երեխայով զբաղվելը, անուշադրության չմատնելը, նրա համար զբաղվածություն ապահովելը: Ծնողը պետք է անընդհատ հետաքրքրվի՝ երեխան ո՞ւմ հետ է ընկերություն անում, տանից դուրս գալուց ո՞ւր է գնում, արդյոք իր մոտ կրու՞մ է դանակ, կռփազենք և այլն… Այսինքն, դեռահասության, անցումային տարիքում երեխան պետք է ծնողի ուշադրության կենտրոնում լինի: Եթե այս ամենը ոչ լիարժեք է իրականացվում, ունենում ենք իրավախախտ անչափահաս: Ինքն իր համար զբաղմունք է գտնում: Սոցիալական վիճակով պայմանավորել հանցագործությունը՝ տեղին չէ: Ունենք ընտանիքներ, որոնց սոցիալական վիճակը ծանր է, բայց երեխաները երբեք գողություն չեն կատարել:

– Սովորաբար, երեխայի դաստիարակության լավագույն մեթոդը ընտանիքում ցույց տրված օրինակն է, վարքը: Երբ երեխաները մեծանում են ծնողներից միայն մեկի հետ, դա նրանց խնդրի առջև կանգնեցնո՞ւմ է: Նաև, մայրաքաղաքո՞ւմ, թե՞ մարզերում են առավել տարածված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները:

– Այո՛, ընտանիքի լիարժեքությունը որոշակի առումով դերակատարություն ունի: Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ կարող ենք արձանագրել, որ իրավախախտ անչափահասների հիմնական մասը միայնակ ծնողների երեխաներն են: Բնակության վայրի հետ կապված՝ կասեմ, որ Երևանում, բնականաբար, դեպքերն ավելի շատ են լինում՝ պայմանավորված նրանով, որ բնակչության թիվն այստեղ առավել մեծ է, զվարճանքի վայրերը շատ են: Երևանում էլ Կենտրոն վարչատարածքն է ամենաակտիվը: Մարզերից ակտիվությամբ կարող ենք առանձնացնել Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերը: Բայց ասեմ, որ տարիների կտրվածքով՝ մարզերում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում ամեն ամսվա կտրվածքով հանրապետությունում երեխաների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազում է:

– Նշել եք, որ առաջնահերթ փորձում եք կանխարգելել հանցագործությունը: Անչափահասների շրջանում հանցագործության առավել շատ ո՞ր դեպքերն են տարածված:

– Գողության դեպքերը: Մենք ամեն ինչ անում ենք այդ դեպքերը կանխարգելելու համար: Օրինակ, հիմա, երբ արդեն ամառային արձակուրդների շրջանն է, առավել հաճախ ենք շրջագայում: Չէ՞ որ երեխաներն ազատ են, փողոցներում, զբոսայգիներում են: Ոստիկանության ղեկավարության հանձնարարականի համաձայն՝ վերջին տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են այն երեխաներն, ովքեր իրենց մոտ կրում են դանակ (նրանք հիմնականում Կենտրոնի վարչատարածքում են), ամեն ինչ անում ենք՝ այդ երեխաներին հայտնաբերելու համար: Դա չանվանենք սառը զենք, քանի որ իրենց մոտ պահելը քրեորեն պատժելի արարք կլինի: Բայց կարող է լինել փոքր դանակ, որը ծեծկռտուքի, վիճաբանության ժամանակ երեխաները, ցավոք, օգտագործում են: Իրենց մոտ կրում են կռփազենք, որն, ըստ քրեական օրենսգրքի, համարվում է սառը զենք: Այս տարի ևս ուշադրության կենտրոնում կպահենք այն անչափահասներին, որոնց ընտանիքները սոցիալական պատճառներով չեն կարողանում կազմակերպել երեխաների ամառային հանգիստը: Այդ երեխաների թվում են նաև մանկատան երեխաները, հաշվառման մեջ գտնվողները: Նրանց համար կազմակերպում ենք միջոցոռումներ, բակային ճամբարներ, Սևան ենք գնում նրանց հետ՝ զբոսանքի: Դպրոցներում էլ մեր ստորաբաժանումը 1-ամսյակներ է անցկացնում, տարվա կտրվածքով՝ 3, 4, 5 մեկամսյակներ ենք անցկացնում, որի ժամանակ աշակերտների հետ խոսում ենք տարբեր թեմաների, դեպքերի շուրջ: Ավագ դպրոցներում էլ ունենք ոստիկաններ, որոնք կոչվում են դպրոցական տեսուչներ: Նրանք դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամ են, դաս են վարում, երեխաների հետ զրուցում են: Ավագ դպրոցներում տարբեր համայնքների երեխաներ են հավաքվում, մեկը մյուսին չի ճանաչում, տարիքն էլ՝ ինքնահաստատման տարիք է, միջանձնյա բախումներ են լինում: Բազմաթիվ անգամներ աշակերտների միջանձնյա հարաբերությունների պարզաբանումներ են կանխել ավագ դպրոցների մեր տեսուչները: Նրանք երեխաների համար ավագ ընկեր են, գրագետ խորհրդատու, ովքեր առավոտյան դպրոց են գնում ու այնտեղից դուրս գալիս՝ դպրոցը փակվելուց հետո:

– Տիկին Դուրյան, զրույցի սկզբում նշեցիք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումից հետո ահազանգերը շատացել են: Որպես վերջաբան՝ կհիշե՞ք՝ եղել են երեխաների կողմից «միամիտ ահազանգեր», որոնք ժպիտ են առաջացրել:

– Շատ կցանկանայի մեր զրույցը լավ նոտայով ավարտել, բայց, ցավոք, մեզ մոտ երեխաների հետ կապված դեպքերը բավականին ծանր են: Այստեղ չեն հայտնվում այն երեխաները, որոնց ընտանիքում մթնոլորտը լավն է: Այո՛, երեխաները մեզ զանգում են, մեր տեղն իմանալով՝ գալիս են, դպրոցում ոստիկանին են մոտենում, բայց՝ օգնություն խնդրելու: Ասում են՝ պապան մամային ծեծել է, խնդրում են օգնել, որ իրենք չգնան իրենց հայրիկի, կամ մայրիկի մոտ: Հատկապես վերջին տարիներին երեխաները մեզ ճանաչում են, վստահությունը մեծացել է ոստիկանի նկատմամբ։
Գիտեմ, որ ասածս այնքան էլ իրատեսական չէ, բայց տա Աստված, որ գա այն օրը, երբ չունենանք երեխաների նկատմամբ ու նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործություններ: Հանցագործություններ բոլոր երկրներում էլ կան, բայց մեզ մոտ այդ քանակն առավել քիչ է: Այստեղ երեխան իսկապես ուշադրության կենտրոնում է, բայց այդ ուշադրությունը պետք է առավել զգոնացնենք: Ամեն մեկս յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է տեսնի իր երեխային: Անտարբեր չանցնենք դրսում կռիվ անող անչափհասների կողքով: Եթե լսում ենք, որ հարևանի, բարեկամի տանը երեխաները բռնության են ենթարկվում, պետք է ահազանգենք, օգնության ձեռք մեկնենք: Եթե չենք դիմում ոստիկաններին, կարող ենք դիմել սոցիալական աշխատողներին, չէ՞ որ այսօր այդ ինստիտուտն էլ է զարգանում մեր երկրում: Ցանկացած կազմակերպության պետք է դիմել, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել: