Գլխավոր Մամուլ Այս անգամ ծեծ, հաջորդ անգամ ՀՅԴ-ն կկրակի՞․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Այս անգամ ծեծ, հաջորդ անգամ ՀՅԴ-ն կկրակի՞․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

106

1in.am-ը գրում է. Բազմաթիվ ՀՅԴ-ականներ երեկ այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:

ՀՅԴ հայտնի գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Գեղամ Մանուկյանն, ըստ էության, ձևակերպել է իրենց ակցիայի նպատակը․«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:

Երեկ առավոտյան որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ իրադարձությունների նման դրամատիկ ընթացք է ունենալու ՀԱԿ ակտիվիստ Վահագն Հարությունյանի հետ կապված միջադեպը։ Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:

Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել իրեն: Նա բռնության ենթարկվելու մասին ահազանգել էր նաև օրեր առաջ: «Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել էր նա:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին: Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՅԴ-ական երիտասարդների դեմ՝ Թուրքիայի դրոշն այրելու համար:

Ավելի ուշ նա եղել էր թոռների հետ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում հարձակում իրականացնողների թվում:

Փաստորեն՝ շուրջ մեկ ամիս զարգացել են դրամատիկ իրադարձություններ, որոնց իրավապահ մարմինները հետևել են դիտորդի կարգավիճակում։ Միայն երեկ ոստիկանությունը հաղորդում տարածեց, որ Վարդան Հարությունյանի ծեծի առթիվ մեկ մարդ բերման է ենթարկվել, ինչին էլ փաստորեն հաջորդեց ՀՅԴ ակցիան։

Հայաստանի նորագույն պատմության մեջ այս ակցիան բացառիկ ու առայժմ եզակի է, որովհետև մի ամբողջ կուսակցություն փաստորեն խոստովանում է, որ ինքն է կազմակերպել քաղաքացու ծեծը՝ ատելության քարոզ տարածելու, Արցախի ղեկավարներին ու Պարգև սրբազանին սոցցանցերում անվանարկելու, ՀՅԴ կարկառուն գործիչ Հրանտ Մարգարյանի միջադեպին մասնակցելու համար։ Համաձայնեք՝ սա իսկապես արտառոց ակցիա է, մանավանդ, որ դաշնակցականները խոստանում են շարունակել ինքնադաստանի մարտավարությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

Գուցե աավանդական կուսակցությունը, որի զինանոցում գոյություն ունեն պայքարի նաև բռնի մեթոդներ, դիմի ավելի արմատական գործողությունների, ասենք՝ որոշի ֆիզիկապես ոչնչացնել այն մարդկանց, որոնք հանդգնում են կուսակցությանը քննադատել կամ վիրավորել, կամ թեկուզ մասնակիցը լինել Հրանտ Մարգարյանի հետ կապված իսկապես դատապարտելի միջադեպին։

Ակամայից դեժավյու ապրեցի՝ վերադառնալով 90-ական թթ-ը, երբ ՀՅԴ անվան հետ կապվում էին ահաբեկչական կոնկրետ գործողություններ, հիշեցի Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության, «Դրոյի» գործի մասին։ Երեկվա իր ակցիայով՝ ՀՅԴ-ն փաստացի լեգիտիմացրեց այն գործողությունները, որ 90-ականներին Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունը ձեռնարկել էր ավանդական կուսակցության դեմ։ ՀՅԴ-ն մշտապես հիշում է բռնության մասին, խրախուսում է այն, երբ հայտնվում է լուսանցքում։ Այս կուսակցությունը Երրոդ հանրապետությունում փաստացի չի ունեցել քաղաքական կարգավիճակ ու նույնանում է ահաբեկչության հետ, երբ գործում է ընդդիմադիր կարգավիճակում կամ սերտաճում է քրեաօլիգարխիային՝ իշխանության հետ լինելու պարագայում։ Այլապես ինչպե՞ս ՀՅԴ երեկվա ակցիան համադրել նրա լռության հետ, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին «պռիվետ Ռոբ» արտահայտության համար դաժանաբար սպանվեց դաշնակցական Պողոս Պողոսյանը։ Ո՞ւր էր ՀՅԴ-ն, ինչո՞ւ նրա ինքնասիրությունը չէր ոտնահարվում, երբ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին սպանվեց Պռոշյանի գյուղապետ, արցախյան պատերազմի հայտնի մասնակից Հրաչ Մուրադյանը։ Այն օրերին ընկերների համար թանկ էին իշխանական բարիքները, վայելքները, հիմա նրանք ընդվզում են Հրանտ Մարգարյանի դեմ բռնության առիթով, որովհետև լուսանցքում են՝ հիշելով զենքի վրա երդվելու «նվիրական ավանդույթները»։

ՀՅԴ-ն «արթնացել» է, այսօր ծեծում է, վաղը կկրակի, վտանգավոր լռություն է պահպանում իշխանությունը, որն այս իրավիճակի համար կրում է կրկնակի պատասխանատվություն։ Միայն թույլ ու պոպուլիստական իշխանության պարագայում է հնարավոր ՀՅԴ նման «ինքնադրսևորումը», մյուս կողմից՝ հեղափոխության թիմը ատելության քարոզչության մյուս բևեռն է՝ խրախուսելով բարիկադային պայքարը, «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» բաժանումը։ ՀՅԴ-ն խրախուսում է բռնությունն ու ծեծը՝ իրեն վերագրելով «տրիբունալի» կարգավիճակ, սակայն ինչո՞ւ իշխանությունը իրավական հետևանք չտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» հայտարարություններին, Հրանտ Մարգարյանի հայտնի միջադեպին, նույն Վահագն Հարությունյանի անհասկանալի ու անհեթեթ գրառումներին։ Ինչո՞ւ հենց երեկ ոստիկանությունը հայտարարեց, թե մերժվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի փաստերով քրեական գործերիի հարուցումը։ Մեր իրավապահ համակարգը միտումնավո՞ր նպաստեց ՀՅԴ «ինքնաբացահայտմանը», թե՞ մաս է կազմում վտանգավոր դավադիր պլանի։

ՀՅԴ-ն հիշում է «ինքնասիրության» մասին, երբ ազատության մեջ է հայտնվել Ռոբերտ Քոչարյանն՝ ակնհայտորեն հույսեր ծնելով հին համակարգի ռեստավրացիայի վերաբերյալ։ Իրականում՝ դժվար չէ նկատել, որ Հայաստանի ու նրա ինքնիշխանության դեմ իրականացվում է համակարգված գործողություն, որի շահառուն ոչ միայն նախկին քրեաօլիգարխիկ համակարգն է, այլ՝ ռուսական էլիտայի հայտնի շրջանակներ։ Մոսկվան Հայաստանի դեմ իրականացնում է, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմ», որի դրսևորումներից մեկը «քաղաքացիական բախումներն» են։ Անցած երկու շաբաթում այս թեմայի մասին գրել եմ մի քանի անգամ՝ ապարդյուն։ Իշխանությունը չլսելու է տալիս, համր ու խուլ է ձևանում և ինքնիշխանության բովանդակությունը, գործիքները ամրապնդելու փոխարեն՝ վարչապետի մակարդակով խուրդվում է Աբովյանի քաղաքային ընտրությունների գործընթացում։ Իսկ դավադիր պլանի հաջորդ դրսևորումը լինելու են փոխադարձ բռնություններն ու քաոսը, իշխանությունը պետք է սթափվի՝ ժամանակը չի սպասում։