Գլխավոր Նորություններ Համլետ Ղուշչյանն ու Սամվել Ալեքսանյանը առերեսվել են

Համլետ Ղուշչյանն ու Սամվել Ալեքսանյանը առերեսվել են

97

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առերեսվել են: Այս մասին «Փաստիֆնո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից:

Վերջինս փոխանցեց, որ նրանց միջեւ առերեսումը եղել է երկուշաբթի:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործով Համլետ Ղուշչյանը հարցաքննվել էր ապրիլի 17-ին, ավելի ուշ` ապրիլի 30-ին, հարցաքննվել էր նաեւ Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն` քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու անձանց առերեսում, եթե նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։

Արդյունքում՝ մարտի 29-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։