Գլխավոր Նորություններ Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանության նախկին պաշտոնյան ինձ մոտ դրական տպավորություն է...

Մարտի 1-ի գործով ձերբակալված ոստիկանության նախկին պաշտոնյան ինձ մոտ դրական տպավորություն է թողել, եթե մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի. Վալերիյ Օսիպյան

103

Մարտի 1-ի գործով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը իմացել է մամուլից։

«Անկախ ամեն ինչից, եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանն՝ ավելացնելով.

«Ճիշտն ասած, այդ անձն ինձ մոտ դրական տպավորություն է թողել, որտեղ եղել է, իր գործառույթները բարեխիղճ կատարել է, թե հիմա ինչ է, ոնց է՝ չեմ կարող ասել, նախաքննությամբ պարզ կլինի, եթե մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաներ էլի կձերբակալվեն, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց, որ ոչ մի բան պետք չէ չբացառել։

Լրագրողի դիտարկմանը, թե նախկինում Օսիպյանն աշխատել է, պաշտպանել է նախկին իշխանությանն ընդդիմադիրներից,  ոստիկանապետն արձագանքեց.

«Հարց եք տվել, ես լռում եմ ու համակերպվում եմ, ես իմ պարտքն եմ կատարել ու բոլոր ոստիկաններն իրենց գործառույթն են կատարել, մենք ձեզ ենք պաշտպանել, մենք ծառայում ենք օրենքին»։

Նա ընդգծեց՝ եթե անգամ պարզվի, որ անձամբ ինքը մեղադրվում է որևէ հարցով, պետք է պատասխան տա օրենքի սահմաններում։

Հարցին՝ ի՞նչ է կարծում, ձերբակալված ոստիկանն առանց հրահանգի է գործել, ինքնուրույն  որոշում է կայացրել, Օսիպյանն արձագանքեց.

«Մենք ունենք հստակ օրենքներ, ոստիկանության մասին օրենքի 32 հոդվածը սահմանում է՝ երբ կարող է ոստիկանությունը զենքը գործադրել, իսկ երբ չի թույլատրում։ Հստակ գրված է ու շեղվելու իրավունք որևէ մեկը չունի»։

Անդրադառնալով ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի կողմից հնչած կոչերին՝ «ջարդել Բակո Սահակյանի գլուխը», Օսիպյանն ասաց.

«Երեկոյան ինքը կոչ արեց, առավոտյան բերման ենթարկվեց ոստիկանություն։ Մեր մասնագետներն այդ կոչերն ուսումանսիրել են,  վարույթ են իրականացնում, ընթացքը պարզ կլինի»։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ նրա աջակիցները շղթայել էին դատարանի դուռը և իրեն մեղադրել են անգործության մեջ, այս առումով վերանայե՞լ են ոստիկանության գործողությունները, Վալերիյ Օսիպյանն արձագանքեց.

«Եթե տվյալ պահին ոստիկանությունն այդպես է գործում, ուրմեն այդպես է անհրաժեշտ։ Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին առանձնահատուկ մոտեցում է դրսևորում։ Եթե չլիներ ոստիկանությունը, հետևանքներն էլ ավելի բարդ կլինեին»։