Գլխավոր Նորություններ Մահվան ելքով վրաերթ Երևանում. 22–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը...

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 22–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

97

Հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GD 586 համարանիշի ավտոմեքենայով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին, ով 45-50 տարեկան կին է, տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Գեորգի Աշչիյանն ու Նարեկ Զոհրաբյանը: Մինչ դեպքի վայրում փորձում էր տեղաննություն կատարել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, հիվանդանոցից Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդան Սարգսյանը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ