Գլխավոր Տեսանյութեր VIDEO. Վարչապետը հրամայեց տասն անգամ կոշտ հակահարված տալ սևազգեստ մարդկանց խմբերին

VIDEO. Վարչապետը հրամայեց տասն անգամ կոշտ հակահարված տալ սևազգեստ մարդկանց խմբերին

153

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշա հեղափոխություն։

«Դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում, նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին Հայաստանում իրենց համար քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում ու վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հուսահատ են քաղաքական որևէ աջակցություն ստանալու որևէ հեռանկարի հանդեպ և որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականցնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։

«Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել ու այս ասելիքի հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն ու այսպես շարունակ», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ու, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։

«Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենենար վարել մայթերով ու սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում, իբր, հաստատված է անիշխանություն ու երկրում չկա իրավակարգ կամ թույլ է», – ընդգծեց վարչապետը։

Նա արձանագրեց, որ որ նման դեպքերում Հայաստանի ոստիկանությունը, իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվեն ոչ թե որպես երթևեկության կանոնների խախտում, «սրանք ուղղակի խախտում չեն, սրանք ուղղակի բացահայտ արհամարհանք է հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ ու բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ոստիկանությունը, այլև հասարակական կարգով ու անվտանգությամբ զբաղվող ուժերը։

«Նման պահվածքով հանդես եկող անձը պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար։ Ես այսօր առավոտյան այս թեմայով զրույց եմ ունեցել ՀՀ ոստիկանության պետի հետ», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է սևազգեստ խմբերին, վարչապետն ասաց, որ այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորին վառ գույներով «բաբչկան» կապել ու ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրեցին՝ խնդիրը պարզ է, կկատրեն հանձնարարականը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատախազությունը այս երևույթներին պետք է մոտենա ոչ միայն ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի մեկնաբանության տեսակետից, այլև՝ հանրային անվտանգության տեսակետից։

«Որովհետև, իմ կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար, սա հանրային անվտանգության խնդիր է ու այս հարցերին մոտենալ զուտ քրօրենսգրքի շրջանակներում, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ», – դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց վարչապետը։

Նա շեշտեց՝ եթե կա անհրաժեշտություն, պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ ու բռնության, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա։

«Եվ ես ուզում եմ ընդգծել՝ բացարձակ կապ չունի, թե այդ բռնության քարոզողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակիր, կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված։ Բերանները բացելուց առաջա պետք է տասը անգամ մտածեն, եթե տասը անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողություների, ուրեմն տասը անգամ պետք է հակահարված ստանան ու այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա ու ես հույս ունեմ, որ մենք այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն», – ասաց նա։

Վարչապետը Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որ ահազանգերին սովորականից տասն անգամ արագ կարձագանքի։

«Շատ լավ, առավոտյան Ձեզ հետ զրույցից հետո անմիջապես տվել եմ հանձնարարական, նաև կառավարության նիստից հետո նույնպես կլինեն հատուկ հանձնարարություններ», – ասաց Օսիպյանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ասաց, որ ողջունում է բռնության քարոզի դեմ պայքարի պատրաստակամությունը, սակայն կարևորեց խոսքի ազատությունը նաև:

«Պատշաճ ու ժամանակին, երբ արձագանք չի լինում բռնությանը, դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն», – ասաց նա՝ ավելացնելով, որ պատրաստ է համագործակցել իրավապահ համակարգի գործընկերների հետ։