Գլխավոր Նորություններ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ

Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսի ԱՄՆ-ի դեմ

96

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրն առաջինը չի սկսի պատերազմ, սակայն ցանկացած ագրեսիային պատրաստ է տալ ջախջախիչ պատասխան: Այդ մասին նա հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, որը Թեհրան է ժամանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով:

«Իրանը հավատարիմ է մնալու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին, որը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ թե՛ Թեհրանը, և՛ թե Տոկիոն դեմ են միջուկային զենքի կիրառմանը:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրական փոփոխություններ տեղի ունենան, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Իրանի դեմ տնտեսական պատերազմը:

«Եթե մենք այսօր տարածաշրջանում լարվածություն ենք տեսնում, դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ ուղղված տնտեսական պատերազմն է: Երբ այդ պատերազմն ավարտվի, մենք շատ դրական իրադարձություններ կտեսնենք թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում»,- ընդգծել է Ռոուհանին:

Նա շնորհակալություն է հայտնել Սինձո Աբեին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրման համար: Ռոուհանին հայտնել է, որ Ճապոնիան կշարունակի իրանական նավթի գնումը, որը դադարեցրել էր ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո: