Գլխավոր Նորություններ Գագիկ Ծառուկյանը չի գնացել հարցաքննության, թեեւ ծանուցագին ստացել էր

Գագիկ Ծառուկյանը չի գնացել հարցաքննության, թեեւ ծանուցագին ստացել էր

97

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ չի ներկայացել նախաքննական մարմին՝ հարցաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»։

Հարությունյանը փոխանցեց նաեւ, որ հունիսի 11-ին Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու շարժառիթը Ազգային ժողովում նրա արած հայտարարություններն են այն մասին, որ գործը սարքած գործ է. «Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց սրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»,-նշել էր նա։

Հարությունյանի փոխանցմամբ՝ գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան, եւ այլ պատգամավորներ չեն հրավիրվել հարցաքննության։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ Գրիգոր Գուլյանի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանի դուռը։  Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ հրկիզման միջոցով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը։