Գլխավոր Նորություններ ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի...

ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի նիստը

74

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:

Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորել է Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020 թվականից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:

Խորհուրդը նախագահել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: