Գլխավոր Նորություններ Բրիտանուհին փրկել է որդու կյանքը՝ ժամանակին նկատելով նրա ձեռքի փոքրիկ վնասվածքը

Բրիտանուհին փրկել է որդու կյանքը՝ ժամանակին նկատելով նրա ձեռքի փոքրիկ վնասվածքը

110

Բրիտանական Ջերսի կղզու 41-ամյա բնակչուհին փրկել է 8-ամյա որդու կյանքը՝ ժամանակին նկատելով նրա ձեռքի արտասովոր վնասվածքը: Ինչպես գրում է The Mirror պարբերականը, Ալեքսանդրա Ռադիին շատ է անհանգստացրել որդու ձեռքի կարմիր բիծը և նա անմիջապես դիմել է մասնագետներին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 8-ամյա Էվանի ձեռքի աննշան բիծն իրականում արյան վարակման՝ սեպսիսի ախտանշան է: Ժամանակին ցուցաբերած բուժօգնության շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել երեխային: Հակաբիոտիկներով բուժման կուրսից հետո Էվանը լիովին ապաքինվել է:

Փոքրիկ քերծվածքը, որն էլ դարձել է արյան վարակման պատճառ, երեխան ստացել էր կենդանաբանական այգում՝ հիվանդության ախտորոշումից մեկ շաբաթ առաջ: Եթե Ալեքսանդրան ժամանակին ուշադրություն չդարձներ վնասվածքին, ապա այն կարող էր ճակատագրական լինել Էվանի համար:

Արյան վարակման վտանգի մասին նախազգուշացնելու և երիտասարդ ծնողների ուշադրությունն այս տարածված խնդրի վրա կենտրոնացնելու համար Ալեքսանդրա Ռադին կիսվել է այս պատմությամբ իր ֆեյսբուքյան էջում: Տեղեկության տարածման այս միջոցը կօգնի փրկել բազում կյանքեր, քանի որ  վիճակագրությունը ցույց է տվել, որ միայն Մեծ Բրիտանիայում արյան վարակման պատճառով տարեկան շուրջ 15 հազար մարդ է մահանում: