Գլխավոր Նորություններ Զորացրվելուց հետո երազանքներիցս մեկը Ֆրանսիայում ՀՀ դեսպան դառնալն է. Կրտսեր սերժանտ Նարեկ...

Զորացրվելուց հետո երազանքներիցս մեկը Ֆրանսիայում ՀՀ դեսպան դառնալն է. Կրտսեր սերժանտ Նարեկ Մակարյան

451

Ինչպիսի՞ն է հայ զինվորի օրը, ով դառնում է իր ընտանիքի, իր հասարակության, իր պետության անվտանգության երաշխավորը: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար այցելել ենք Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Մեր այցելության ժամանակ զինվորներն, ըստ օրվա կարգացուցակի, զենքի մաքրման աշխատանքներ էին կատարում:

Նրանցից մեկն էր կրտսեր սերժանտ Նարեկ Մակարյանը:

Մեր զրուցակիցը ծնվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Զբաղվում է սպորտով՝ ուժային եռամարտով: 2016թ.-ի հունիսի 8-ին դարձել է Եվրոպայի գավաթակիր: Զինված ուժեր զորակոչվել է 2018 թ.-ի հունվարին: Ուսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ծառայությունը շարունակել որպես տանկի հրամանատար:

– Նարե՛կ, ինչպե՞ս եք հարմարվել զինվորական առօրյային:Реклама 13

– Սկզբում մի փոքր դժվար էր, բայց դա անցողիկ էր, քանի որ շատ շուտ համակերպվեցի զինվորական կյանքին ու առօրյային:

– Եվ ինչպիսի՞նն է զինվորի առօրյան:

– Զինվորական առօրյան պայմանավորված է օրվա կարգացուցակով՝ առավոտյան ֆիզպատրաստություն, դասեր, ճաշ, մարտավարական պատրաստություն: Իհարկե, ունենում ենք նաև ազատ ժամեր, որի ընթացքում զբաղվում ենք մեր նախասիրություններով:

– Իսկ արագ հարմարվեցի՞ք զինվորական ճաշին, ասում են՝ որոշակի պարբերականությամբ փոփոխություններ են լինում սննդակարգում:

– Բանակի սննդից չեմ դժգոհում: Չեմ կարծում, որ չհարմարվելու խնդիր կա, ես գոհ եմ:

– Ի՞նչն է նպաստում, որ ծառայության ընթացքում եղած դժվարությունները հեշտությամբ հաղթահարեք:

– Բանակում ծառայության ընթացքում եղած դժվարությունները հեշտությամբ հաղթահարելուն նպաստում են հայրենիքին ծառայելու, ժողովրդի նկատմամբ սրբազան պարտքը և հայրենիքի պաշտպանի սուրբ գործը կատարելու գիտակցումը։ Դրան նպաստում է նաև հրամանատարների ցուցաբերած վերաբերմունքը զինվորների նկատմամբ: Ծառայում ենք ինչպես պահանջվում է, իրար օգնում ենք։ Ամեն ինչ հոգատարության և խստապահանջության մթնոլորտում է: Մեկի հոգսը բոլորինս է, ինչպես նաև յուրաքանչյուրի ուրախությունն է բոլորինս:

– Իսկ ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր զինվորական առօրյայում:

– Կցանկանայի, որ բանակում կարողանայինք ավելի շատ ժամանակ հատկացնել ընթերցանությանը:

– Հատկապես ի՞նչ ժանրի ստեղծագործություններ եք սիրում ընթերցել և ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը:

– Հիմնականում սիրում եմ ընթերցել դասական գրականություն: Ավելի շատ կարդում եմ Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները:

– Որտե՞ղ և ի՞նչ մասնագիտությամբ եք սովորել:

– Սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Ծառայությունից հետո ուսումս շարունակելու եմ:

– Ի՞նչ երազանքներ եք ունեցել ծառայությունից առաջ, և արդյոք դրանք փոխվե՞լ են ծառայության ընթացքում:

– Երազանքներս ծառայությունից առաջ և հետո չեն փոխվել. երազում եմ դառնալ դեսպան՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան:

– Ինչո՞ւ հենց Ֆրանսիայի:

– Շատ եմ հավանում Ֆրանսիան՝ մշակույթը, ժողովուրդը:

– Ի՞նչպիսին է կյանքն Արցախում։

– Արցախի մասին շատ ջերմ տպավորություններ ունեմ. մարդիկ բարեհամբույր են, բնությունը՝ գեղեցիկ, պատմամշակութային շատ վայրեր կան:

Հեղինակ՝ Էվելինա Համբարձումյան, ուսանողուհի, Արցախ