Գլխավոր Նորություններ Գիտնականները մաշկի քաղցկեղն ախտորոշող ու բուժող լազերային մանրադիտակ են ստեղծել

Գիտնականները մաշկի քաղցկեղն ախտորոշող ու բուժող լազերային մանրադիտակ են ստեղծել

131

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն ստեղծել են հատուկ լազերային մանրադիտակ, որը կարող է ախտորոշել հիվանդություններն ու բուժել դրանք ոչ ինվազիվ վիրահատությունների միջոցով: Ընդ որում, այն կարող է ախտորոշել ու բուժել անգամ այնպիսի վտանգավոր հիվանդությունը, ինչպիսին է մաշկի քաղցկեղը:

Մասնագետների խոսքով՝ լազերային մանրադիտակի ստեղծման համար կիրառվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս շատ արագ սքանավորել հյուսվածքները, իսկ կասկածելի բջջային հյուսվածքների հայտնաբերման դեպքում կատարել գերճշգրիտ վիրահատություններ՝ առանց մաշկը կտրելու:

Մանրադիտակի լազերային ճառագայթը սքանավորում է մաշկը մինչև մեկ միլիմետր խորության վրա: Միևնույն ժամանակ սարքը կարող է ներազդել նյարդային հանգույցների և արյունատար անոթների վրա, որոնք գտնվում են մաշկի, աչքերի ու գլխուղեղի հյուսվածքներում՝ ազդելով միայն ախտահարված բջիջները և չվնասելով առողջները:

«Մենք կարող ենք ընտրողաբար իրականացնել գերճշգրիտ վիրահատություններ և բուժել ախտահարված կամ անոմալ հատվածները հյուսվածքի ներսում՝ առանց մաշկը կտրելու», – նշում են գիտնականները՝ բացատրելով, որ մաշկային նորագոյացությունների, այդ թվում նաև մաշկի քաղցկեղի բուժումը լազերային մանրադիտակն իրականացնում է՝ ուժեղացնելով ջերմային ներգործությունը թիրախային հատվածում:

Գիտնականները մտադիր են ստեղծել այս սարքի նաև շատ փոքր տարբերակը, որը հնարավոր կլինի կիրառել մարսողական համակարգի ուռուցքների ախտորոշման ու հեռացման համար:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru