Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». Ինչո՞ւ այդպես ստացվեց. ՔՊ համագումարի ինտրիգները

«Ժողովուրդ». Ինչո՞ւ այդպես ստացվեց. ՔՊ համագումարի ինտրիգները

115

«Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Քվեարկության արդյունքները զարմանալի են եղել անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից և Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Նա իր զայրույթը մտերմիկ շրջապատում արտահայտել է՝ ասելով, թե չհասկացավ՝ ինչու այդպես ստացվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ վարչության նորընտիր կազմով գրանցած առաջին նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես՝ երբ արդյունքները հաշվարկվել են, և գումարվել է վարչության անդրանիկ նիստը վարչության նախագահ ընտրելու համար, այդ արդյունքներից անակնկալի եկած ներկաներից մի քանիսը ինքնաբերաբար առաջարկել են ՔՊ վարչության նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ներկաների մեծ մասը առաջարկել է վարչության նախագահ ընտրել Սուրեն Պապիկյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ որպես ՔՊԿ նախագահ:

Նիկոլ Փաշինյանը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել: Արարատ Միրզոյանն էլ, տեսնելով, որ ընտրվելու շանս չունի, նաև հաշվարկելով, որ Սուրեն Պապիկյանից անհամեմատ քիչ ձայներ է հավաքել, ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով, Պապիկյանը միաձայն ընտրվել է ՔՊ վարչության նախագահ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: